Blog

  • Գրագետ մեդիա սպառողին ուղղված 5 հուշում և ինչու է դա կարևոր։

    1. Զգուշացեք վախեցնող, սարսափեցնող լրահոսից, որը դրդում է անհապաղ գործելու

    Տեղական լուրերը կապելը դավադրությունների տեսության, գլոբալ վտանգների հետ այն հնարքներից է, որի նպատակը ձեզ վախեցնելն է:

    Վախի վրա կառուցված նյութերը անբարեխիղճ են, բայց լավ վաճառվող:

    Եվ եթե չեք ուզում պարզապես ապրանք լինել կայքերի տերերի համար, միշտ կասկածեք, երբ հանդիպում եք հուժկու էմոցիոնալ ուղերձների։

    ԴԱ ԿԱՐևՈՐ Է, քանի որ սուտ լուրերի պատճառով դուք կարող եք խուճապի մատնվել։

    2. Նյութերի կառուցվածքը պիտի լինի բարեխիղճ

    Նյութը կարդալուց հետո ընթերցողին պիտի պարզ լինի, թե ինչը, որտեղ և երբ է կատարվել, որն է սկզբնաղբյուրը, որոնք են շահագրգիռ կողմերը և այլն։

    Եթե տեսնում եք, որ նյութը հեղինակած կայքը ձեզ այդքան էլ չի հարգում՝ փորձելով ցույց տալ, որ կա ուշադրությանը արժանի միայն մեկ տեսակետ, ուրեմն դուք էլ կարող եք հանգիստ խղճով չհարգել այդ կայքը:

    ԴԱ ԿԱՐևՈՐ Է, քանի որ առանց դրա մարդը չի կարող հստակ իմանալ, թե որտեղից է տեղեկությունը։

    3. Կասկածելի է սենսացիոն վերնագրերի ու էմոցիոնալ ձևակերպումների առատությունը

    Գրավիչ վերնագրերը լավ խայծ են լսարան որսալու համար:

    Երբ նյութերի մեծամասնությունը ստանում է «շտապ», «հույժ գաղնի», «նման բան չեք լսել», և նման այլ վերնագրային պիտակներ, ուրեմն իրավունք ունենք կասկածելու բոլոր նյութերի անաչառության վրա:

    Ասենք, վերնագիր է դարձնում որևէ անհայտ «փորձագետի» կարծիքը, թե հայ ազգը կանգնած է ոչնչացման եզրին, եթե մի քանի մարդ որոշի փոխել իր սեռը, մազերի գույնը, դավանանքը կամ բնակության երկիրը:

    ԴԱ ԿԱՐևՈՐ Է, քանի որ առանց դա իմանալու դուք կարող եք դառնալ սուտ տեղեկության զոհ։

    4. Լրագրողական աշխատանքն ու ֆեյսբուքյան գրառումը նույնը չեն

    Սովորաբար սենսացիոն կարծիքները հայտնվում են լրատվամիջոցում նաև սոցցանցերի ստատուսների տեսքով: Կայքը դրանք պարզապես վերատպում է առանց մեկնաբանելու, վերլուծելու, հավասարակշռելու:

    Արդյունքում, մեջբերված խոսքը խիստ կողմնակալ ու անձնավորված լինելով՝ ստանում է հոդվածի կառուցվածք:

    ԴԱ ԿԱՐևՈՐ Է, քանի որ լրագրողները փնտրում են տեքստը, տեղեկությունը, սակայն արդյունքում այլ մարդիկ նույնիսկ առանց դա կարդալու տեղադրում են իրենց սոցիալական էջերում։

    5. Բացարձակ օբյեկտիվություն չկա, բայց կա ազնիվ աշխատանք

    Ինֆորմացիայի փաթեթավորումը շատ բան է ասում լրատվամիջոցի մասին: Ճիշտ այնպես, ինչպես սննամթերքի փաթեթավորումը, որի վրա գրվում է արտադրողի անունը, բաղադրությունը, պահպանման ու արտադրման ժամկետները:

    Ազնիվ լրատվամիջոցը ժամկետանց ինֆորմացիա չի վաճառի, և առավելևս՝ չի ստի, թե ինչ  պարունակություն ունի իր արտադրանքը:

    Կարդալ-չկարդալ, վստահել-մերժել, անտեսել-բաժանորդագրվել. սա է մեր ընտրությունը: Անցնում ենք լրատվականների ցուցափեղկերով ու ընտրում այն, ինչը առավելագույնս վստահելի է իր փաթեթավորմամբ: Հետո արդեն փորձում ենք բուն ապրանքը: Հետո այդ նույն արտադրողի տարբեր ապրանքները:

    ԴԱ ԿԱՐևՈՐ Է, քանի որ մեծացնում է վստահությունը, որ դա սուտ չէ։

    Աղբյուրը՝ https://media.am/hy/critique/2019/11/21/18152/

  • Զապել Եսայան

    (1878-1943)

    Զապել Եսայանը հայկական զարթոնքի ժամանակաշրջանի կարեւորագույն կին ներկայացուցիչն էր եւ բացառիկ դեր է ունեցել հայ հասարակության մեջ նոր մտածողության արմատավորման գործում։ 

    Զապել Եսայանը ծնվել է Ստամբուլում եւ ստացել է բազմակողմանի կրթություն՝ շնորհիվ իր հոր, որը մեծ հավատ էր ընծայում կրթությանը կարեւորությանը․ հարկ է նշել, որ այդ ժամանակներում հազվադեպ կարելի էր հանդիպել աղջիկների նկատմամբ նման դիրքորոշման։ 

    Զապելը եղել է 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվելու ենթակա հայ մտավորականների երիտթուրքական ցուցակի միակ կին անդամը, եւ սա վկայում է այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ուներ նա որպես գրող եւ մտավորական։ Նրան հաջողվել է փախչել եւ հասնել Կովկաս, իսկ ապա Փարիզ, որտեղ էլ հաստատվել է՝ դառնալով կոմունիստ։ Տարիներ անց հրավիրվելով Խորհրդային Հայաստան՝ որոշել է մշտական բնակություն հաստատել այնտեղ։ 

    Ժամանակակից գրաքննադատների կողմից հաճախ ֆեմինիստ անվանված Զապել Եսայանն ինքը ժխտում էր այդ որակումը։ Նրա խոսքով իր հիմնական մտահոգությունը եղել է սոցիալական անարդարությունը, այդ թվում՝ գործադրված նաեւ կանանց նկատմամբ։ 

    Թեեւ Զապելը կարողացավ փրկվել Հայոց ցեղասպանությունից, նա դարձավ իրեն պատուհասած մեկ այլ չարիքի՝ ստալինյան բռնաճնշումների զոհը։ Իր շատ ժամանակակիցների պես նա մեղադրվեց լրտեսության համար, ձերբակալվեց եւ մահացավ անհայտ հանգամանքներում։